Պետական մարմինները պետք է քայլ անեն, եթե ոչ՝ ժողովուրդը պետք է դուրս գա հրապարակ և հետ վերցնի հայրենիքը. Ր.Հովհաննիսյան. VIDEO

Մանրամասներ

Մեր նախկին իշխանավորներն ունեցել են սխալներ, արատներ, ես քննադատել եմ, բայց որեւէ համեմատություն չկա գործող իշխանության հետ. որեւէ մեկը Արցախն այդպես չի հանձնել, չի վաճառել մեր պետական սահմանը, չի խախտել այն: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Նպատակն արդարացնում է միջոցները, իսկ նպատակը ճղճիմ է, էդ աթոռն է, հայրենիքը ծախու է, վաճառքի է, մենակ թե ես մնամ, իմը լինի: հայրենիքն է, կամ ես:

Հիմա պատրաստ են շարունակել պառակտումը, միայն թե պատերազմ գա,  այսինքն ոչ թե համախմբել հասարակությանը եւ պատրաստել պատերազմի, այլ շարունակել պառակտումը, միայն թե իրենք մնան»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, այս իրավիճակում պետական մարմինները պետք է քայլ կատարեն. «Եթե քայլ չկատարեցին սահմանադրական կարգը վերականգնելու, այդ նույն պետական մարմինները իրենց պարտականությունները, իրենց երդումը եւս խախտած կլինեն: Պետական մարմինը պետք է գործի, որ անցումը լինի հանդարտ եւ չլինեն քաղաքացիական հուզումներ: Բայց եթե ոչ, եթե այս վիճակն է, որ սահմանադրական պետական մարմինները ենթակա են մի մարդու, ուրեմն ժողովուրդը պետք է հաղթահարի ինքն իրեն եւ պետք է հետ վերցնի հայրենիքը»,-ընդգծեց նա:

«Ժառանգության» առաջնորդը նկատեց, որ դա մեկ հոգու որոշելիքը չէ. «Ես մեկ տարի փորձել եմ բանաձեւել մոտեցումներ, հավաքական պատասխանատվության մոտեցումներ, վստահության խորհուրդ, տարբեր դաշտերից վերցրած հարգելի մարդիկ, որ մենք կարողանանք այս անցումը կատարել:

Այսօր մեզ սպառնում է մեր պետականությունը կորցնելու իրական վտանգ։ Մենք գնում ենք մեր երկիրը հանձնելու ու կազմակերպվող ցեղասպանության ծրագրին, եթե ոչինչ չփոխենք։ Վստահ եմ` փոփոխությունն անհրաժեշտ է, որովհետև մենք կորցնում ենք Հայաստանն ու մեր առջև պատերազմ է: Այս գերագույն գլխավոր հրամանատարով Հայաստանը չի կարող հաջող դուրս գալ հաջորդ պատերազմից»,– նշեց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ տարբեր եղանակներ է առաջարկել այս իրավիճակից դուրս գալու համար, օրինակ` եթե ներկայիս պետական մարմինները չեն անում, ապա ժողովուրդը պետք է ինքնալիազորվի եւ գործի։

Քաղաքական գործիչը վստահ է` ժողովուրդը պետք է դուրս գա հրապարակներ, բացի այդ, հավաքական փրկչի կարիք չկա։ Այսօր, ըստ նրա, անհրաժեշտ է հավաքական պատասխանատվության խորհուրդ, որի շնորհիվ ներկա իրավիճակը կփոխվի։ Այդ ամենն առաջնորդելու համար, ըստ Հովհաննիսյանը, բոլորս միասին պետք է ձեւը գտնենք: