100 մլն դոլար դեմոկրատներին.  Բլումբերգի նվիրատվությունը

Դեմոկրատներն իրական հնարավորություն ունեն վերադարձնելու մեծամասնությունը Սենատում
bl

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ եւ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը որպես նվիրատվություն լրացուցիչ 20 մլն դոլար է հատկացրել Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կարիքների համար:

Այս տեղեկատվությունը հաստատել է դեմոկրատների Senate Majority PAC անվանումը կրող գործողությունների առաջատար կոմիտեներից մեկը, որը հանդես է գալիս կուսակցության կողմից Կոնգրեսի վերին պալատում տեղերի մեծամասնության նվաճման համար:

«Քաղաքագլուխ Բլումբերգը Սենատում տեղերի համար մեր պայքարում կենսականորեն կարեւոր դաշնակից է երկրի բոլոր անկյուններում: Բլումբերգի ներդրումը նոր նշան է հօգուտ այն բանի, որ դեմոկրատներն իրական հնարավորություն ունեն իրենց վերադարձնելու մեծամասնությունը Սենատում»,-նշել է կոմիտեի ղեկավար Ջեյ Բն Փերշը Twitter-ում Senate Majority PAC-ի էջում:

Ինչպես ճշտել է The Washington Times թերթը, 2017 թվականի հունվարից գործողությունների այդ կոմիտեն հավաքել է ավելի քան 95 մլն դոլար գումարի կամավոր նվիրատվություններ: Սակայն օգոստոսի դրությամբ այդ ցուցանիշը նվազել էր մինչեւ 29 մլն դոլար՝ կապված երկրի առաջատար հեռուստաալիքներում նախընտրական գովազդի ակտիվ տեղաբաշխման հետ: Բլումբերգն ավելի վաղ 80 մլն դոլար էր փոխանցել դեմոկրատներին՝ այս տարի այդ նպատակով նվիրատվությունների ընդհանուր գումարը հասցնելով 100 մլն դոլարի:

Բլումբերգը երկար տարիներ եղել է Դեմոկրատական կուսակցության անդամը, սակայն 2001 թվականին Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց առաջ անդամակցեց Հանրապետական կուսակցությանը: 2007 թվականին նա երկրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրել էր որպես անկախ քաղաքական գործիչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: