Փաշինյանին մնացել է 2 տարբերակ. ստորագրել այն, ինչ հիմա բանակցում է՝ ՀՀ-ի մահվան դատավճիռը, կամ ստորագրել սեփական հրաժարականի դիմումը

Մանրամասներ

Փաշինյանն իր ասելիքն ու անելիքն արդեն արել է: Նա առանց ակնարկների, ուղիղ տեքստով հայտարարել է, որ բանակցվող փաստաթղթի մեջ Արցախը հայտնվելու է Արդբեջանի կազմում։ Դա հայտարարվել է բաց տեքստով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Փաշինյանն իր ասելիքն ու անելիքն արդեն արել է, հիմա հերթը մերն է՝ հայ ժողովրդինը։ Փաշինյանին մնացել է երկու տարբերակ։ Տարբերակ մեկ՝ ստորագրել այն, ինչը հիմա բանակցում է, այսինքն ՀՀ-ի մահվան դատավճիռ։ Տարբերակ երկու՝ ստորագրել սեփական հրաժարականի դիմում։ Բայց այսօր խոսելուս դրդպատճառը Փաշինյանի այն փոքրաթիվ, իսկ ես վստահեցնում եմ, որ նրանք փոքրաթիվ քանակով են մնացել, աջակիցներին դիմելն է։ Պայմանականորեն բաժանենք իրենց երկու հատվածի։ Առաջին հատվածը Փաշինյանից ուղղակի կախում ունեցող մարդիկ են՝ այստեղ նստածները, որոշ պաշտոնյաներ և այլն։ Բարդ է մարդուն համոզել մի բան, ինչը չհասկանալու համար ինքը գումար է ստանում։ Երկրորդ՝ փոքր հատվածն այն մարդիկ են, որոնք դեռևս խաբված են, դեռևս հավատում են Փաշինյանի ասածներին։ Այն փաստը, որ այդպիսիք շատ քիչ են մնացել, յուրաքանչյուրս կարող ենք տեսնել մեր շրջապատում․ ցանկացած խոսակցություն քաղաքականության մասին հանգում է նրան, հավաքվածները բոլորն ամենատարբեր ձևով հիշատակում են Փաշինյանին։ ՀՀ բնակչության 90 տոկոսից ավելին անհնար է համարում Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում։ Դա միֆ է, որ ինքն ունի լեգիտիմություն և մեծամասնություն», - ասաց պատգամավորը։

Մամիջանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խաբում է, երբ ասում է, որ ինքորոշման տարբերակ պատերազմից հետո չկար, քանի որ պատերազմից հետո ինքնորոշման մասին բազմիցս խոսվել է։

«Պատերազմից հետո ինքնորոշման մասին խոսել են ՌԴ նախագահը, ԵՄ բարձր հանձնակատարը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի կանցլերը։ Ինքնորոշումից խոսել են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից, ու դա փաստ է, որը հերքել չեք կարող։ Նիկոլ Փաշինյանը խաբում է նաև, երբ ասում է, որ 29,800-ը կպահի, քանի որ թշնամու ախորժակը սահմանափակելի չէ։ Վստահ եմ, որ նա նույնն ասում էր, երբ նոյեմբեր 9-ի հայտարարությունից դուրս բանավոր հրաման էր տալիս Սյունիքից զորքերի հետքաշման։ Այդ ժամանակ էլ էր ասում՝ կյանքեր եմ փրկում։ Նույն ասում էր Սուսի, Աղավնոյի, Բերձորի հանձնման ժամանակ, որն առհասարակ նոյեմբերի 9-ով նախատեսված չէր», - նշեց նա։

Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ մի հարց կա բանակցային գործընթացում, որի պարագայում Փաշինյանը չի խաբում։

«Այո՛, նա բանակցում է հիմա երաշխիքների համար, բայց բնավ ոչ Արցախի։ Նա բանակցում է իր իշխանության պահպանման և իր սեփական անվտանգության երաշխիքների մասին», - շեշտեց պատգամավորը՝ հավելելով, որ այդ բանակցություններն էլ առանձնապես արդյունավետ չեն։

Ելույթի վերջում, անդրադառնալով ընդդիմության աշխատանքներին, նա նշեց, որ պիտի ներողություն խնդրի հայրենակիցներից, քանի որ իրենց թիմը վերջին 5 տարիների ընթացքում անգամ ամբողջ ուժերի լարումով պայքարելով չի կարողացել հեռացնել Արցախը հանձնողներին, ուստի պիտի իրենց ուժերից ավելին անեն։

«Այլև չկան քաղաքական կուսակցություններ, անձնական ամբիցիաներ, անհատ քաղաքական գործիչներ։ Կան Արցախը հանձնողներ ու վատագույն սցենարի դեպքում կլինեն մի խումբ մարդիկ, ովքեր չկարողացան դա կանխել։ Ես չեմ պլանավորում լինել ոչ առաջին, ոչ երկրորդ խմբում», - եզրափակեց Մամիջանյանը։