Ես ուշադրությամբ լսել եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, լսել եմ իր արած հայտարարությունները՝ որպես ՀՀ պետական բարձրագույն պաշտոնատար անձ և որպես Գուրգեն Արսենյան հայտնում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ թվում խաղաղության օրակարգը իր ավարտին հասցնելու ձգտումներին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Երկու ձեռքով պաշտպանելու եմ խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ այն գործընթացը, որը բերելու է հարևան պեության հետ խաղաղության, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը՝ այն տարածքային կոորդինատներով, որը ճանաչվել է 1991թ-ին ԱՊՀ երկրների կողմից։
Եվս մեկ անգամ հայտնում եմ իմ աջակցությւոնը ՀՀ վարչապետին, մեր քաղաքական թիմին ու ասում եմ, որ մենք վճռական ենք ՀՀ-ի անունից ավարտին հասցնել մեր հարևանների հետ խաղաղության ու հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Սա համարում եմ մեր քաղաքական թիմի կարևորագույն առաքելությունը ՀՀ ժողովրդի առջև»,- ասաց նա։
Հարցին՝ այս քաղաքականությունը իրագործելու ճանապարհին հարցրե՞լ են արդյոք արցախցիների կարծքը, ովքեր իրենց ապագան չեն տեսնում Ադրբեջանի կազմում, իշխանական պատգամավորը ասաց․
«Ես որպես ՀՀ ԱԺ պատգամավոր առաջնորդվում եմ ՀՀ պետական շահերի սպասարկմամբ, սա մեր առաջնային խնդիրն է, ՀՀ քաղաքական գործիչները ՀՀ ժողովրդից ստացել են մանդատ սպասարկելու ՀՀ պետական շահերը»։
Դիտարկմանը՝ այդ դեպքում Արցախում հայեր չե՞ն ապրում, Արսենյանը ասաց․
«Արցախում էլ են ապրում հայեր, Ջավախքում էլ, Գլենդելում էլ, Բեյրութում էլ, մեր պաշտոնյաների առաջնային խնդիրը ՀՀ առաջնային շահերի սպասարկումն է։ Այս փուլում մենք երկընտրանքի առաջ ենք կանգնած, երբ մեր միտքն ու սիրտը սկսում են հակասել իրար, երբեմն պետական շահերի պաշտպանությունը չի համընկնում ազգային շահերի ալգորիթմին, առաջնությունը պետք է տալ պետական շահերի սպասարկմանը»։
Արսենյանը նշեց, որ տարվող քաղաքականության արդյունքում հնարավոր են խնդիրներ Արցախի ժողովրդի անվտանգության հետ կապված, ինչի համար քնարկվում է միջազգային երաշխիքների հարցը։
0Comments