Ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները․ Ալեն Սիմոնյան

Մանրամասներ

ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին.

«Երեկ Փաշինյանն իր բազմաժամային ասուլիսի ժամանակ կատարել է մի շարք հայտարարություններ, որոնք առնչվում են ՀՀ ու ԱՀ շահերին ու պահանջում են անմիջապես ԱԺ-ում համապատասխան քննարկումներ: Հնարավոր համարո՞ւմ եք՝ այս նիստի ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հայտարարությունները, գնահատական հնչեցնել՝ մեր կողմից գնահատվող հակապետական, հակաազգային մոտեցումներին»: Սիմոնյանն ասաց, որ պատգամավորներն իրավունք ունեն լսումներ նախաձեռնելու։

Մինասյանի արձագանքը չուշացավ. «Ճիշտ է, ունենք այդ հնարավորությունը, բայց ինչպես փորձը ցույց է տվել, մեծամասնությունը մշտապես մերժել է այն:

Կանոնակարգը հնարավարություն է տալիս Ձեզ հանդես գալ արտահերթ ուղերձով, հայտարարության նախագծով, որը առիթ կարող է հանդիսանալ այս հարցերի քննարկման համար»:

ԱԺ նախագահը կրկնեց իր առաջարկը. «Ներկայացրեք ձեր նախաձեռնությունը, մենք կքննարկենք....

Եթե ձեզ հետաքրքրում է անձնապես իմ կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները»,- նշեց Ալեն Սիմոնյանը: