Ասադը կհանդիպի Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ

Մանրամասներ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, որը հինգշաբթի օրը ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք՝ մասնակցելու Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին, հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ։ Ինչպես տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից, այս մասին լիբանանյան Al-Jadeed հեռուստաալիքին հայտնել է սիրիական պետական հեռարձակող կազմակերպության տնօրեն Հաբիբ Սալմանը:

«Հանդիպումը տեղի կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի միջև», – ասել է նա։

Ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում անցկացվում է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը, որին 2011թ.-ից ի վեր առաջին անգամ մասնակցում է նաև Սիրիան։ Սիրիային Արաբական պետությունների լիգայից հեռացրել էին երկրում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո։ Վերջին ամիսներին արաբական մի շարք երկրներ սկսել են Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս գործընթացի գագաթնակետը դարձավ Արաբական պետությունների լիգայի կողմից մայիսի սկզբին ընդունված որոշումը Սիրիայի անդամակցությունը վերականգնելու վերաբերյալ: