Պարզվում են Արտաշատում երեխաների թունավորման դեպքի հանգամանքները, պատճառները, բնույթը, եղանակը. ՔԿ

Մանրամասներ

Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, պարզվում են հանգամանքները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը.

«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը երեկոյան նաև Արտաշատի Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ:

Պարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն օրը՝ ժամը 15:30-ից սկսած, մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո։

Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, երեխաների թունավորման պատճառները, բնույթը, եղանակը պարզելու ուղղությամբ։

Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները:

Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիվանդանոց տեղափոխված երեխաների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից»։