Մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը. Փաշինյան

Մանրամասներ

Բրյուսելում մայիսի 14-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի՝ Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին:

«Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ և ունենք զոհեր: Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին, ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը: Եվ մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել»,-ասաց Փաշինյանը:

Ինչպես ընդգծեց վարչապետը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մի դրսևորում է, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը:

«Հայկական կողմն այս թեման քննարկում է իր բոլոր միջազգային գործընկերների հետ»,- եզրափակեց նա: