Ոստիկանությունը հաղորդում է ստացել Աշոտ Փաշինյանի առեւանգման փորձի վերաբերյալ

Մանրամասներ

Ոստիկանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու փորձի առթիվ հաղորդում է ստացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ Ոստիկանության լրատվության վարչությունից։

«Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, կազմված փատաթղթերը ուղարկվելու են Քննչական կոմիտե»,- ասացին վարչությունից։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, որ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները փորձել են առեւանգել Աշոտ Փաշինյանին։

NEWS.am-ի հետ զրույցում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, որը եւս կազմակերպության անդամ է, հերքել է տեղեկությունը նշելով, որ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանն առաջարկել է Աշոտ Փաշինյանին միասին գնալ «Եռաբլուր»։ Աշոտ Փաշինյանը համաձայնել է, նստել մեքենան եւ ընթացքից դուրս նետել իրեն։ Ըստ Գալեյանի՝ ինքը հասցրել է արգելակել մեքենան, Աշոտ Փաշինյանը վնասվածքներ չի ստացել եւ հեռացել է տարածքից։