«Աշոտին զոհվածի մայրն ասել է՝ գնանք «Եռաբլուր», տես՝ ինչ են արել ծնողներդ, ինքը հանգիստ նստել է մեքենան»․ Գարիկ Գալեյան

Մանրամասներ

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, NEWS.am-ի հետ զրույցում հերքեց «Հայկական ժամանակում» տարածված տեղեկությունը, որ ինքը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առեւանգել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։

«Մենք այսօր Գարեգին Նժդեհում գտնվող վարչական դատարանից դուրս գալուց հետո նկատել ենք Աշոտ Փաշինյանին։ Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մոտեցել է նրան, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», տանենք, տես՝ ինչ են արել հերն ու մերդ։ Ոչ մի բռնություն չի եղել, ինքը հանգիստ բացել է դուռը եւ նստել։ Ես Աշոտին մատով չեմ կպչել, բառ չեմ փոխանակել հետը»,- պատմեց Գալեյանը։

Գարիկ Գալեյանը հերքում է նաեւ կայքի տեղեկությունը, թե Աշոտ Փաշինյանը վնասվել է, երբ մեքենայից նետվել է դուրս եւ ընկել մեկ այլ ծնողի մեքենայի տակ։

«Ավտոմեքենայում եղել են ինքն ու Ժորայի մայրիկը։ Աշոտը ճանապարհին դուռը բացել ու իրեն դուրս է նետել։ Ես մի կերպ եմ արգելակել, որ ավտոմեքենայիս տակ չընկնի։ Դրանից հետո Աշոտն ինքն իր ոտքով փախչել է՝ չենք էլ նկատել ինչպես։ Ի վերջո, տեսախցիկներ կան, թող տեսնեն՝ ինչ է եղել»,- ընդգծեց Գարիկ Գալեյանը։