ԵՄ դեսպանը քիթը չպետք է խոթի այնտեղ, որտեղ մտցնում է. Տիգրան Աբրահամյան

Մանրամասներ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը չպետք է քիթը մտցնի այնտեղ, որտեղ մտցնում է և չանի հայտարարություններ, որոնց չի տիրապետում կամ նպատակային ձևով փորձում է խեղաթյուրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի՝ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը հետ քաշելու վերաբերյալ հայտարարությանը:

Նշենք, որ Վիկտորինը մայիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հետ քաշել զորքերը սահմանից ։ Նա ընդգծել է, որ Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման ժամանակ զորքերի հետքաշման համատեքստում շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում (նկատի ունի Ադրբեջանի տարածքները.- խմբ)։

«Այս իրավիճակում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն ագրեսիայի է դիմում, և դա սկսած 44-օրյա պատերազմից, հազարավոր զոհերի պատճառ է դարձել, օկուպացրել է Հայաստանի և Արցախի տարածքները, ըստ գործընթացի՝ զարգացումները և միջազգային հանրության տեսակետները պետք է լրիվ այլ տրամաբանությամբ հնչեն։ Ինչ վերաբերում է հայելային հետքաշման հիմար գաղափարին, ապա կարող եմ ասել, որ դա Ադրբեջանի համար նոր հնարավորություն է դառնալու ինչպես իր կողմից օկուպացված տարածքները լեգիտիմացնելու առումով, այնպես էլ ՀՀ նոր տարածքների նկատմամբ հսկողություն ավելացնելու համար»,– ասաց Աբրահամյանը։