Ջրային պարեկները թույլ չեն տա, որ մարդիկ հարբեն և Սևանում մոտորանավակ վարեն. ՆԳՆ փոխնախարար

Մանրամասներ

Այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Ոստիկանության մասին օրենքում լրացում կատարելու մասին և տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փաթեթով անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ են ստեղծվում Գեղարքունիքի պարեկային ծառայության կազմում ջրային մասնագիտացված ստորաբաժանում ունենալու համար, որը կկարողանա Սևանա լճի մակերևույթին և դրա առափնյա հատվածում իրականացնել բարձր պատրաստվածություն ենթադրող ծառայություն:

Այս մասին նիստի ժամանակ հիշեցրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Ավելի ֆունդամենտալ լուծումների ճանապարհով ենք գնացել, որպեսզի նաև օրենքում ունենանք այս ծառայության համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները: Ըստ էության՝ ոստիկանության մասին օրենքն է հիմնական փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որի շրջանակներում նախատեսվում է ոստիկանության իրավունքները լողամիջոցների շահագործման նկատմամբ հսկողություն իրականացնելիս: Շատ ենք հանդիպում երևույթների, երբ մարդը հարբած կարող է մոտորանավակ վարել, դրանով հասարակական կարգ խախտել, և հանգիստը վերածվում է անհանգստության: Ըստ այդմ՝ մեր ջրային պարեկները այս իրավիճակներում կկարողանան միջամտել դեպքերին և մեկուսացնել տվյալ անձին»,- ասաց Արփինե Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ հսկողություն իրականացնելիս պետք է առկա լինի հանցագործության կամ վարչական իրավախախտման կանխման կամ բացահայտման նպատակ կամ հանցագործության կամ վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած, որպեսզի այս իրավունքները ոստիկանությունը կարողանա իրացնել. «Նախատեսում ենք Ջրային պարեկային ծառայության համար ունենալ վաշտի կարգավիճակով 95 հաստիքային միավորով կառուցվածքային միավոր Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կազմում: Կունենաք նաև 4 հենակետեր առափնյա հատվածը և լճի մակերևույթը սպասարկելու համար»:

Ներքին գործերի նախարարի տեղակալը նաև նշեց, որ Պարեկային ծառայության աշխատանքը հնգամսյա կուրս է նախատեսում, ջրային պարեկային ծառայության մասով սրան կգումարվի ևս երկու ամիս: