Երևանում նոր ավտոբուսների երթուղի դուրս գալու աշխատանքների շրջանակում N3 և N12 գազելային երթուղիները կփոխարինվեն 1 ավտոբուսային երթուղիով, քանի որ դրանք կրկնվող գծեր են։
Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
«Գործող երթուղային ցանցում թվով 363 շարժակազմ «Գազելները» կփոխարինվեն 143 ավտոբուսով, ինչի շնորհիվ երթևեկությունը համեմատաբար կթեթևանա։ Առաջին փոփոխությունները Երևանում կսկսեն երևալ հունիսի 1-ից, մասնավորապես N3 և N12 միկրոավտոբուսային գազելային երթուղիները փոխարինվելու են 1 ավտոբուսային երթուղիով։ N13 երթուղին նույնպես փոխարինվելու է։ Նշված երթուղիների ավտոբուսները լինելու են «Ժոնգտոնգ» մակնիշի։ Փոփոխությունները տեսանելի կլինեն յուրաքանչյուր 15 օրը մեկ պարբերականությամբ»,- մանրամասնեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այս աշխատանքների ավարտը լինելու է օգոստոսի 15-ին, ժամանակացույցն էլ հստակ գծված է։
Հունիսի 1-ի դրությամբ լինելու են նաև այլ փոփոխություններ՝ N5 ավտոբուսային երթուղին կփոխարինվի «ՄԱՆ» տիպի ավտոբուսներով։
Միաժամանակ նոր երթուղի կներդրվի դեպի «Զվարթնոց» օդանավակայան («ՄԱՆ» տիպի ավտոբուսներ են լինելու), որի երթուղին լինելու է այսպիսին՝ «Զվարթնոց» - Իսակովի պողոտա - Հաղթանակի կամուրջ - Մաշտոցի պողոտա - Ֆրանսիայի հրապարակ։ Այն աշխատելու է 45 րոպե պարբերականությամբ։
Նշենք, որ Երևանում «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող միկրոավտոբուսային 24 երթուղի կա։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինայնն էլ վստահեցրեց՝ նշված փոփոխությունների արդյունքում մինչև սեպտեմբերի 1-ը մայրաքաղաքում «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող գծերը փոխարինված կլինեն նոր ներկրված ավտոբուսներով։
0Comments