Ադրբեջանը պատրաստվում է․ Բայց Ադրբեջան չի լինելու, վերանալու է․ Մենք այսօր էլ զենք ունենք, մարդկային ու ռազմական ներուժը բավարար է․ Արկադի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Ադրբեջանի գործողություններում ոչ մի նորություն չկա, դա իրենց ձեռագիրն է, հատկապես Բրյուսելի հանդիպումից առաջ, չնայած եթե Բրյուսել էլ չգնան, նույնը անելու են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար, Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով երեկ եւ այսօր Գեղարքունիքի սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների սադրանքներին:

«Ադրբեջանի չի էլ ուզում բանակցի, չի էլ ուզում խաղաղության պայմանագիր լինի, խաղաղություն լինի: Իրեն դա պետք չի, իրեն եւ Թուրքիային ամբողջ Հայաստանն է պետք: Իրենք միասին գործում են, բացի այդ, Իսրայելն է խորհուրդներ տալիս»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ է հետաքրքիր Ադրբեջանին Սոթքի հանքը, ուզում է ամբողջությամբ վերցնե՞լ, Արկադի Կարապետյանը պատասխանեց. «հանքն իրենց են համարում, եթե Երեւանն իրենցն են համարում, հանքը իրենցն է ու իրենցը: Ղարաբաղում ինչքան հանք կար, իրենցն է, հիմա էլ աչքները մեր հանքերի վրա է: մարդիկ չեն թաքցնում ոչինչ, իրենք նպատակ ունեն, ծրագիր ունեն, որը իրագործում են: Ինձ ավելի շատ հերաքրքրում է, թե մենք ինչ ենք անում»:

Անդրադառնալով նախօրեին Սոթքի հատվածում ադրբեջանական սադրանքին եւ մեր պատասխանին, Կարապետյանն ասաց. «Այո, էս անգամ բավականին լավ ենք արձագանքել: Եթե մենք էլ այսպես առանց խուճապ տարածելու ձեւակերպենք մեր նպատակն ու գնանք դրան քայլ առ քայլ, ինչխպես երեկ մերոնք արձագանքեցին, այդպես շարունակենք, ես ձեզ  հավաստիացնում եմ՝ շատ արագ բոլոր հարցերը կլուծվեն, թե խաղաղության հարցը, թե Արցախի հարցը»:

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի մարդկային ու ռազմական ներուժը բավարար է այդ խնդիրները լուծելու համար. «Փորձագետները շատ բան կասեն, բայց իրենցից շատերը կռված չկան, չգիտեն՝ դա ինչ է, ուղղակի հաշվարկում են: Բայց այդ հաշվարկներով մենք պետք է 1990-ականներին պարտվեինք: Մեզ Աստված հաղթանակ է տվել եւ դուրս ենք եկել անելանելի վիճակից: Հաղթել ենք մեր գաղափարախոսության, ոգեւորության շնորհիվ, իրար սիրելու շնորհիվ: Մենք պատրաստ էինք իրար համար զոհվել: մենք այսօր էլ զենք ունենք, բայց հրամանատարական խնդիր ունենք: Դա շատ արագ կարելի է շտկել: Նույն մարդը, որ այսօր չգիտի՝ ինչ անի, շատ արագ կարելի է ճիշտ ուղու վրա դնել ու իր դեմ ոչ մի ուժ չի կարող կանգնել»:

Արկադի Կարապետյանը վստահ է, որ Ադրբեջանը նախապատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության. «Մենակ Ադրբեջանը չի, ամբողջ աշխարհը պատրաստվում է: Երրորդ համաշխարհայինի կուլմինացիան պետք է լինի: Այդ ժամանակ եթե որեւէ մեկի հետ դաշինք էլ կապենք, օգուտ չի լինելու, ամեն մեկը իր գլուխն է քորելու: Հիմա պետք է ամեն ինչ անենք, որ այդ ժամանակ դիմանանք: Երկրներ են վերանալու, Օրինակ, Ադրբեջան չի լինելու: Եթե այս գաղափարախոսությամբ շարժվենք, Ադրբեջան չի լինելու, մենք չենք գնալու մեր հողերը վերցնենք, սպասելու ենք՝ տեսնենք՝ ով է գալիս նստում, որ մեկ էլ իրենց հետ կռվենք»,-ասաց նա: