Պապիկյանի հեռացման հարցը դեռ դրված է. փոխարինող են փնտրում

Մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն արդեն տեւական ժամանակ է՝ մեկուսացել է իր թիմակիցներից՝ ՔՊ-ականներից, գրեթե ոչ ոքի հետ չի շփվում, շփվելիս էլ խիստ զգուշավոր է: Եթե անգամ ՔՊ-ականները նրա հետ քննարկելու որեւէ հարց են ունենում, դիմում են նրան, Պապիկյանը խուսափում է թիմակիցների հետ հանդիպումներից, նրանց պատասխանում է կարճ-կոնկրետ՝ թող մնա, հետո կքննարկենք, հետո կտեսնենք:

ՔՊ-ականների համար տարօրինակ է Պապիկյանի այս պահվածքը, քանի որ վերջինս մշտապես լավ հարաբերություններ է պահպանել թիմակիցների հետ, փորձել է տարաձայնությունները հարթել թիմի ներսում. հիմա փոխվել է:

«Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի պաշտոնից հեռացնել Պապիկյանին, քանի որ վերջինիս մեղադրում էր ՔՊ վարչության ընտրությունները կեղծելու, կուսակցության վարկանիշի հետ խաղալու համար, սակայն դա որեւէ կերպ չի հաստատվում:

Պապիկյանի պաշտոնանկության մասին լուրերը իսպառ փակվեցին, քանի որ Փաշինյանը այլ թեկնածու չուներ եւ առաջարկեց պաշտպանության նախարարին մնալ եւ շարունակել աշխատանքը:

Իսկ այս օրերին ՔՊ-ում չեն բարձրաձայնում, առերեւույթ ցույց չեն տալիս, բայց Փաշինյանի օրակարգում արդեն տեւական ժամանակ է՝ Պապիկյանի հեռացման հարցն էլի կա, պարզապես նրան դեռ փոխարինող չեն գտնում»: