Իրանը կարմիր գծեր է հատել. Ալիև

Մանրամասներ

Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները վատացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո, սակայն` ոչ Բաքվի նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նշել է, թե ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ իրենք Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին ֆիքսել են իրանական բեռնատարների տեղաշարժ դեպի ԼՂ։

Ըստ Ալիևի` մոնիթորինգը ցույց է տվել, որ դա պարբերական բնույթ է կրել, ինչի մասին «զգուշացվել է» Բաքվում Իրանի դեսպանը, սակայն այդ մատակարարումները չեն դադարեցվել, հակառակը` մեքենաների հոսքն ավելացել է։

Այս ամենից հետո, ըստ Ալիևի, Իրանում սկսվել են Ադրբեջանին ուղղված քննադատություն, ճնշում և բացահայտ սպառնալիքներ` ամենատարբեր մակարդակներով:

Ադրբեջանի նախագահը հիշեցրել է նաև իրանական զորավարժությունները` նշելով, թե դա ևս Ադրբեջանի դեմ էր ուղղված: Ալիևի գնահատմամբ` Իրանը կարմիր գծեր է հատել:

«Ներկայում մեր հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են և առայժմ դժվար է ասել` ինչպես կլինեն ապագայում: Իրանում բոլորը պետք է մի պարզ ճշմարտություն հասկանան` Ադրբեջանի վրա ճնշումներն արդյունք չեն տա»,- ասել է Ալիևը: