ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ պարզելու Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահի մոտ հնարավոր կրակոցների արձակման հանգամանքները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:
2023 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 08:46-ին, Գյումրի քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ հիշյալ խանութի մոտ կան կոտրված ապակու կտորներ և մի քանի պարկուճներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ վերոնշյալ խանութ-սրահի դիմաց հայտնաբերվել է 15 հատ կրակված փամփուշտի պարկուճ: Խանութ սրահին կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի պատերին և պատուհաններին հայտնաբերվել է 9 կրակոցի հետք, չօգտագործվող տնակի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է կրակված փամփուշտի մաս կազմող գնդակի շապիկ:
Ուսումնասիրության է ենթարկվել տարածքում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը, որով պարզվել է, որ ապրիլի 28-ին` ժամը 01:49-ի սահմաններում, նշված խանութ-սրահին է մոտենում չպարզված մակնիշի և պետհամարանիշի տրանսպորտային միջոց, որից հետո երևում են կրակոցի նմանվող լուսարձակումներ, որից հետո նշված մեքենան հեռանում է տարածքից։
Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է համալիր դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություն:
Զննությամբ դեպքի վայրին հարակից բնակելի տներում, հանդիպակաց մայթեզրին գտնվող սպասարկման օբյեկտների ճակատային մասերում հրազենային վնասվածքներ, հետաքրքրություն ներկայացնող այլ հետքեր չեն հայտնաբերվել։
Առկա չեն տվյալներ նաև կրակոցներից տուժած անձանց մասին։
Կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձին (անձանց), ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեն(ներ)ը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
0Comments