Ասում են՝ վայ, 10 միլիարդ պարտք ունենք, բայց դա թեթև պարտք է. կարող ենք նոր միջոցներ էլ ներգրավել. Փաշինյան

Մանրամասներ

Պետական պարտքի մեջ մենք դրամային պարտքի մասնաբաժինը ավելացրել ենք եւ այն կազմում է ընդհանուր պարտքի 40 տոկոսը: Կառավարության նիստում այսօր հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ ցուցանիշը 28 տոկոս է եղել նախորդ ժամանակաշրջանում:

«Դա մասամբ պայմանավորված է նաեւ դրամի արժեւորմամբ: Եթե խոսենք պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազման մասին, ապա դրա մի մասը պայմանավորված է դրամի արժեւորմամբ, որովհետեւ մեր պարտքի զգալի մասը արտարժույթով է, իսկ մյուս մասը պայմանավորված է առաջանցիկ տնտեսական աճի  տեմպերով: Մյուս կողմից նաեւ բյուջեի պակասուրդը ավելի ցածր է եղել մեր ծրագրվածի նկատմամբ, սա նույնպես ունեցել է իր ազդեցությունը:

Հիմա մենք աշխատում ենք պարտքի միջնաժամկետ ռազմավարության վրա, որտեղ կներկայացնենք, թե առաջիկա տարիներին ինչպես ենք պլանավորում կառավարել պարտքը եւ ինչպես ենք պատրաստվում առաջ գնալ՝ նվազեցնելով այն հիմնական ռիսկերը, որոնք առկա են»,-հայտարարեց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեզ ասում են՝ վայ, 10 մլրդ դոլարից ավելի պարտք ունենք, բայց մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթեւ պարտք ունենք: Ըստ էության, ՀՆԱ-ի 46 տոկոսով Հայաստանը համարվում է վերստին թեթեւ պարտքային բեռ ունեցող երկիր»: