Մայր Աթոռն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին

Մանրամասներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություններին։

«Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը ներկայացրել է խեղաթյուրված և կատարել ոչ ճիշտ եզրահանգումներ։

Հայոց Հայրապետը երբևէ պատերազմի կոչ չի արել։ Նորին Սրբությունը մշտապես ընդգծել ու կարևորել է արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքի պաշտպանությունը։

Սուրբ Էջմիածնի հորդորն է Ալլահշուքյուր Փաշա Զադեին՝ իբրև հոգևոր առաջնորդ Բարձրյալի կամքին համաձայն մարդասիրական քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները ազատ արձակեն Բաքվում պահվող ռազմագերիներին, դադարեցնեն մշակութային եղեռնագործությունը և վերացնեն Բերձորի միջանցքի արգելափակումը, որն ավելի քան չորս ամիս հումանիտար աղետի առջև է կանգնեցրել 120․000 արցախցիների։

Այս կլինի Ալլահշուքյուր Փաշա Զադեի կողմից հնչեցված բարեկամության կոչերի լավագույն դրսևորումը»,- Radar Armenia-ին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։