ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր դիրքորոշումները պարզ են, հրապարակային, լեգիտիմ ու արդարացված. վարչապետ

Մանրամասներ

1

ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները պարզ են, հրապարակային ու թափանցիկ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ դրանք լեգիտիմ են ու արդարացված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`վարչապետը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին:  

Փաշինյանն ընդգծեց՝ համաձայն չէ նախկին իշխանության պնդումների հետ, թե գործող իշխանության կառավարման ժամանակ փչացել են հայ-ռուսական հարաբերությունները:

«Ինչո՞վ են փչացել, եթե փչանալու մասին են խոսում, ուզում եմ հիշեցնել, որ նախկին իշխանության օրոք է առաջին անգամ եղել, երբ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք է կնքել: Իրենք լավ հարաբերություն պահող էին, այդ ի՞նչ արեցին, որ մեր ռազմավարական դաշնակիցը 2011, թե 2012թ. առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ, ընդ որում՝ սահմանափակեց զենքի մատակարարումները Հայաստանին»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ դա իմացել է 2016-ին՝ Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը արխիվում շատ լավ պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո:

Անդրադառնալով քննադատությանը, թե գործող իշխանությունը ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներ է առաջացրել՝ Փաշինյանն ասաց, որ վերոնշյալն է հենց եղել ՀԱՊԿ-ի հետ կապված ամենամեծ խնդիրը:

«Կարծում եմ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և դինամիկան եք տեսնում, և տեսնում եք այն խնդիրները, որոնք կան: Մենք երբեք էլ ոչ մի նրբություն ոչ ուզում ենք, ոչ էլ ճիշտ է դրանք թաքցնել: ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր դիրքորոշումները պարզ են, հրապարակային են, թափանցիկ են և իմ կարծիքով՝ լեգիտիմ են ու արդարացված»,-ասաց Փաշինյանը: