«Եթե մեր ձայնը լսելի չլինի՝ որոշել ենք բողոքի ակցիա իրականացնել»

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վճռական են տրամադրված
Ալավերդի

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փետրվարի 8-ին նամակ են գրել ՀՀ վարչապետին: Զուգահեռ կազմակերպել են ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել է Կառավարություն: Ստորագրահավաքին մասնակցել է 5839 մարդ՝ աշխատակիցներ և հարակից համայնքների բնակիչներ:

Նամակում նշված է, որ գործարանի աշխատանքի ընդհատումը բոլորին ծանր հարված է հասցրել, մեծ մասն ունեն վարկեր ու չեն կարողանում մարել դրանք:

«Ալավերդիում չկա այլընտրանք, ստեղծվել է մի աղետալի վիճակ, երբ աշխատանքին ընդունակ մարդն ի վիճակի չէ ապահովել իր ընտանիքի նվազագույն կարիքները: Անորոշությունը ստիպում է մարդկանց արտագաղթել երկրից: Հեռանում են բարձրակարգ մասնագետներ, որոնց պակասը մոտ ապագայում չի կարող լրացվել: Պղնձաձուլական գործարանի աշխատակիցները և հարակից համայնքների բնակիչները մեծ հույսով ակնկալում են օժանդակություն՝ պղնձաձուլարանը հնարավորինս արագ վերագործարկելու և ներկա պայմաններով արտադրության ժամանակավոր շահագործումը թույլատրելու հարցում՝ մինչև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բնապահպանական բոլոր լուծումներով արտադրություն կազմակերպելը: Միևնույն ժամանակ, մինչև հիմնախնդրի հանգուցալուծումը, խնդրում ենք Ձեր միջնորդությունը՝ գործարանի աշխատակիցների վարկային պարտավորությունների ժամանակավոր սառեցմանը»,- գրված է վարչապետին ուղղված նամակում:

«Փետրվարի 28-ից լուծարվում են մեր աշխատանքային պայմանագրերը: Եթե չստանանք մեր հարցադրումների պատասխանը կամ այն բավարար չլինի, ասել է թե՝ եթե մեր ձայնը լսելի չլինի՝ որոշել ենք բողոքի ակցիա իրականացնել: Վճռական ենք տրամադրված: Մեր միակ նպատակը աշխատանքով ապահովված լինելն է»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պղնձաձուլական գործարանի աշխատակիցները:

Նշենք, որ դեռևս փետրվարի 1-ին Ալավերդի համայնքի ավագանին ուղերձ էր հղել ՀՀ նախագահին և վարչապետին՝ խնդրելով մինչև մարտի 1-ը վերջնական լուծում գտնել:

Նրանց խոսքով՝ ընդերքի հարստությունների առկայության պայմաններում չհիմնավորված շռայլություն է հանքարդյունահանող արդյունաբերության զարգացման պետական խելամիտ ծրագիր չմշակելը: Հայաստանը պետք է դադարի հումքային կցորդ լինելուց՝ ոչ թե հանքարդյունահանող ձեռնարկությունները փակելու, այլ բնապահպանական լուծումներով հանքավերամշակող ձեռնարկություններ կառուցելու և մետաղական վերջնական արտադրանքով համաշխարհային շուկա մտնելու ճանապարհով: Հայաստանի Հանրապետության խտանյութը պետք է վերամշակվի ՀՀ-ում և դրանով իսկ նպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Գործարանի ղեկավարությունն աշխատողներին, արդեն երեք ամիս է՝ վճարում է աշխատավարձի 2/3-ի չափով։ Դա կտևի մինչև մարտի 1-ը։ Դրանից հետո հնարավոր է, որ գործարանը վերջնականապես աշխատանքից ազատի աշխատակիցների հիմնական մասին։

Ավագանու անդամները երկրի ղեկավարներին խնդրել են կարճ ժամկետում հասնել հարցի լուծման՝ միաժամանակ շեշտելով, որ կարևոր են համարում «բնապահպանական լուծումներով հանքավերամշակող ձեռնարկությունների ստեղծումն ու մետաղական վերջնական արտադրանքով համաշխարհային շուկա մտնելու ծրագրերը»։

Ալավերդցիներն ունեն հարցի լուծման իրենց տարբերակը: Առաջարկում են գրավավարկային պարտավորությունների հարթության վրա պղնձաձուլական գործարանի համար 2019թ. մարտի 1-ը սահմանագծել որպես զրոյական վիճակ և վերագործարկել գործարանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է: