Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ

Մանրամասներ

Դատավոր Էդգար Հովհաննիսյանին վիրավորելու համար Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

«ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրվել է առերեւույթ հանցանքի մասին հաղորդում եւ կից նյութեր են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ. Հովհաննիսյանը 2023թ․ մարտի 29-ին թիվ ԱՐԴ1/4853/02/21 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որը դատական իշխանության պաշտոնեական կայքում հրապարակելուց հետո Նաիրի Հոխիկյանը «Facebook» սոցիալական ցանցում գործող իր էջում հրապարակում է կատարել՝ դատավոր Էդ. Հովհաննիսյանի նկատմամբ, իր աշխատանքային գործունեության հետ կապված, վիրավորական արտահայտություններով:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին Ն.Հ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

Ն․Հ․-ին ներկայացվել է մեղադրանք: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։