Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ է հայտնել ԱԳ նախկին նախարարի հետ քննիչ հանձնաժողովում հանդիպումից

Մանրամասներ

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում այսօր հրավիրված է եղել ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատմել է, որ Մնացականյանը ներկայացրել է իր պաշտոնավարման օրոք բանակցային գործընթացը. «Ներկայացրել է, թե 2018թ. մայիսից, երբ ինքը դարձավ ԱԳ նախարար, ինչ գործընթացներ են զարգացել։ Մի քանի փուլերով ներկայացրեց բոլոր իրողությունները, ընդհուպ՝ բանակցային գործընթացը, այն, թե վստահության մթնոլորտը հակառակ կողմի հետ ինչպես պետք է կառուցվեր, և այդ ամենին առնչվող բոլոր հարցերը ստացան պատասխաններ»։

Ըստ Քոչարյանի՝ իրենք, վարչապետին լսելուց հետո, այդ վերլուծությունները կներառեն՝ համադրելով երկրի ղեկավարության, ՊՆ ու ԱԳ նախարարների ու Արցախի ղեկավարության խոսքերը. «Էլ չեմ ասում այն ծավալուն նյութը, որ ուսումնասիրվել է այս ամիսների ընթացքում արդեն մեկ տարի, այդ ամենը ի մի բերելով՝ պետք է գանք որոշակի եզրահանգումների, թե ինչու այդպես եղավ»։

Քոչարյանը նշեց, որ անդրադարձել են պատերազմն ավելի վաղ դադարեցնելու հնարավորություններին, սակայն մանրամասներ չի հայտնել. «Ունեցել ենք հարց, հարցրել ենք՝ պարոն Մնացականյանը հրադադարի որ փուլում ինչ մասնակցություն է ունեցել»։