2035 թվականից ԵՄ-ում կարգելվի բենզինով և դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը

Մանրամասներ

Եվրամիությունում բենզինով կամ դիզելային վառելիքով լիցքավորվող նոր մեքենաների արտադրությունն ու գրանցումը հնարավոր չի լինի 2035 թվականից։ Համապատասխան արգելքն ընդունվել է ԵՄ Նախարարների խորհրդի կողմից Բրյուսելում, այն բանից հետո, երբ Գերմանիան մի քանի շաբաթ տեւած խորհրդակցություններից հետո համաձայնել է աջակցել այս նախաձեռնությանը։

Միեւնույն ժամանակ Բեռլինը պնդել է, որ բացառություն լինի ածխածնային չեզոք սինթետիկ վառելիքով (e-fuel) տրանսպորտային միջոցների համար՝ ներքին այրման շարժիչով նման ավտոմեքենաները նախկինի պես կարելի կլինի գրանցել։

2022 թվականի հոկտեմբերի վերջին ԵՄ անդամ երկրների եւ Եվրախորհրդարանի բանակցողները որոշել են, որ 2035 թվականից Եվրամիությունում կարող են գրանցվել միայն այն մեքենաները, որոնք վնասակար արտանետումներ չեն առաջացնում։ Սակայն Գերմանիայի կառավարությունը լրացուցիչ պայմաններ է առաջ քաշել, ինչի պատճառով համաձայնագրի պաշտոնական հաստատումը հետաձգվել է մի քանի շաբաթով։ Մարտի 28-ին Գերմանիայի աջակցության շնորհիվ ձայների անհրաժեշտ մեծամասնությունը ստացվել է։ Նախաձեռնությանը դեմ է քվեարկել միայն Լեհաստանը։ Իտալիան, Ռումինիան եւ Բուլղարիան ձեռնպահ են մնացել։