ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել իր տարածքում չտեղակայել ռուսական միջուկային զենք

Մանրամասներ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը  Բելառուսին հորդորել է իր տարածքում չտեղակայել ռուսական միջուկային զենք՝ ասելով, որ այս դեպքում երկիրը կարող է նոր պատժամիջոցների ենթարկվել։

«Բելառուսի կողմից ռուսական միջուկային զենքի տեղակայումը կնշանակի անպատասխանատու էսկալացիա և սպառնալիք եվրոպական անվտանգությանը։ Բելառուսը դեռ կարող է կանգնեցնել դա, դա նրանց ընտրությունն է։ ԵՄ-ն պատրաստ է պատասխանել հետագա պատժամիջոցներով»,- գրել է Բորելը Twitter-ում:

Նշենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով Կրեմլի ծրագրերը:

«Նման արձագանքը, իհարկե, չի կարող ազդել Ռուսաստանի ծրագրերի վրա»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ամեն ինչ բացատրել է իր հայտարարություններում, որոնք արել է շաբաթ օրը տված հարցազրույցում»։

«Դրան ավելացնելու ոչինչ չկա»,- ընդգծել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայնության է եկել Մինսկի հետ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման շուրջ։ Նա պնդել է, որ դա «չի խախտի Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները»։

«Ապրիլի 3-ից մենք սկսում ենք անձնակազմերի պատրաստումը, իսկ հուլիսի 1-ին Բելառուսի տարածքում ավարտում ենք մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը»,- ասել է ՌԴ նախագահը։