Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսում. Պուտին

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում, հայտնում է BBC-ն։

Պուտինն ասել է, որ այդ մասին պայմանավորվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ դա կարվի առանց միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու։

Միևնույն ժամանակ, Պուտինի խոսքով, Ռուսաստանն արդեն օգնել է բելառուսական մի քանի ռազմական ինքնաթիռ փոխակերպել մարտավարական միջուկային զենք կիրառելու համար և «Իսկանդեր» հրթիռային համակարգեր է փոխանցել, որոնք կարող են նման լիցքեր կրել։ Պուտինը հավելել է, որ Բելառուսի տարածքում ավարտին է մոտենում մարտավարական միջուկային զենքի պահեստավորման շինարարությունը։

Պուտինն ասել է, որ «պատճառը Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունն էր, թե իրենք պատրաստվում են Ուկրաինային արկեր մատակարարել սպառված ուրանով»։

«Բայց նույնիսկ այս իրադարձությունների համատեքստից դուրս Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն երկար ժամանակ բարձրացրել է Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հարցը», – ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինին Մոսկվա. Կրեմլ. Պուտին ծրագրին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, Պուտինի խոսքով, ԱՄՆ-ը «վաղուց իր դաշնակից երկրների՝ ՆԱՏՕ-ի երկրների տարածքում տեղակայել է իր մարտավարական միջուկային զենքը»։ «Եթե հիշողությունս չի դավաճաբում, այդ պետություններն են Գերմանիան, Թուրքիան, Նիդեռլանդները, Բելգիան, Իտալիան և Հունաստանը»,- ասաց նա։