Քըլըչդարօղլուն առաջ է անցնում Էրդողանից

Մանրամասներ

Ermenihaber – Թուրքական մի շարք վիճակագրական-հետազոտական ընկերություններ գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ շարունակում են հարցումներ անցկացնել։

Հայտնի է դարձել, որ ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Վեցյակի սեղանի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն իր ձայներով գործող նախագահ Ռեջեփ Էրդողանից առաջ է անցնում։

«MAK» խորհրդատվական կենտրոնի նախագահը հրապարակել է վերջին տվյալները, ըստ որի՝ Քըլըչդարօղլուն ունի 47%, իսկ Էրդողանը՝ 42% ձայն։

Ըստ «AR-G» կենտրոնի՝ ընտրությունները կարող են ունենալ 2-րդ փուլ։

Այստեղ ևս Էրդողանը զիջում է իր դիրքերը Քըլըչդարօղլուին համապատասխանաբար 43․1% և 46․2% ձայների բաշխվածությամբ։

Մարտի 8-ին «Aksoy»-ի կողմից հրապարակված հարցման արդյունքների համաձայն Էրդողանն ստացել է 44․4%, իսկ Քըլըչդարօղլուն՝ 55․6% ձայն։

«PİAR» ընկերությունը մարտի 10-ին հրապարակել է 12 նահանգներում 460 քաղաքացու հետ հեռախոսազրույցի միջոցով անցկացված հետազոտության արդյունքը, ըստ որի Քըլըչդարօղլուն ունի 57․1%, մինչդեռ Էրդողանն ստացել է միայն 42․9%։

«ORC» ընկերության տվյալներով ևս Էրդողանը երկրորդ տեղում է՝ հավաքելով 43․2%, իսկ Քըլըչդարօղլուն՝ 56․8% ձայն։

Հարցմանը մասնակցել է 850 քաղաքացի երկրի 28 նահանգից կրկին հեռախոսազրույցի ձևով։

Մարտի 6-7-ը «ALF»-ի կատարած հարցման համաձայն՝ ընդդիմադիր թեկնածուն այս անգամ էլ առաջ անցել գործող նախագահից՝ հավաքելով 55․1%, իսկ Էրդողանն ստացել է 44․9% ձայն։