Սի Ծինփինի այցը Մոսկվա նվազեցրել է միջուկային պատերազմի վտանգը․ Բորել

Մանրամասներ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի այցը Մոսկվա նվազեցրել է միջուկային պատերազմի մեկնարկի վտանգը, գրում է Financial Times-ը։

«Կարևոր է, որ այս այցը նվազեցնում է միջուկային պատերազմ սկսելու վտանգը, և նրանք (Չինաստանի ներկայացուցիչները - խմբ․) դա շատ ու շատ պարզ հասկացրին», - հայտարարել է Բորելը` հիշեցնելով ուկրաինական ճգնաժամը լուծելու Չինաստանի ծրագիրի մասին, որում նշվում է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։

Հիշեցնենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռուսաստանը դարձել է Սի Ծինփինի այցելած առաջին երկիրը։ Նրա այցը տևել է երեք օր՝ մարտի 20-ից մինչև 22-ը։ Առաջին օրը Չինաստանի ղեկավարն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել։

Երեկ՝ մարտի 21-ին, Կրեմլի Մեծ պալատում երկու երկրների ղեկավարների միջև բանակցություններ են տեղի ունեցել ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո Սին և Պուտինը ստորագրել են հայտարարություն տնտեսական համագործակցության պլանների և գործընկերության խորացման ծրագրերի մասին: