Կամ պաշտոնական Երևանն է պատրաստվում Բաքվի բոլոր պահանջները բավարարել, կամ էլ Ադրբեջանի կողմից փաստաթուղթը ստորագրողը Իլհամ Ալիևը չի լինելու. Արման Մելիքյան․ «Առավոտ»

Մանրամասներ

«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ 

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ հայտարարեց ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ առաջիկայում խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ վստահեցնելով, որ նոր էսկալացիա չի լինի, մինչդեռ երկու օր առաջ թշնամու հրազենից հայ զինվոր է զոհվել, Լաչինի ճանապարհը 104 օր է՝ փակ է։ Այս իրավիճակում խաղաղության պայմանագրի կնքումը մի՞թե ավելի շատ վտանգներ չի պարունակում, քան անվտանգային երաշխիքներ։ 

- Վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիեւի կողմից վերջին օրերին հնչեցվող հայտարարություններն այն աստիճան են իրար հակասում, որ, եթե հավատանք պայմանագրի կնքման վերաբերյալ ՀՀ վարչապետի այդօրինակ վստահությանը, ապա ստիպված կլինենք մտածել, որ կամ պաշտոնական Երեւանն է պատրաստվում Բաքվի բոլոր պահանջները բավարարել, կամ էլ Ադրբեջանի կողմից այդ փաստաթուղթը ստորագրողն Իլհամ Ալիեւը չի լինելու` նոր մարդ է այնտեղ իշխանության գալու: Այս տարբերակներից ոչ մեկը ստեղծված իրավիճակում չեմ բացառի, թեեւ կարող են նաեւ այլ սցենարներ գործարկվել: 

- Ռուս զինծառայողների վիրավորման առիթով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունները, թե պարտադիր չէ, որ արձագանքը լինի հանրային, ինչպե՞ս մեկնաբանել։ Ի՞նչն է պաշտոնական Մոսկվային հետ պահում հանրայնորեն մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին։ 

- Սա նման առաջին դեպքը չէ: Պաշտոնական Մոսկվան բարձր կարգի զսպվածություն դրսեւորեց նաեւ, օրինակ, Թուրքիայում ռուս դեսպանի սպանության, ինչպես նաեւ Նախիջեւանի կողմից ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման դեպքերի կապակցությամբ: Ուստի, առանց պատճառների մեջ խորանալու, այս պահվածքն ընկալենք որպես յուրօրինակ օրինաչափություն: 

- Ի՞նչ ուղերձներ հղեց ՀՀ իշխանություններին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Իր բառապաշարում ղարաբաղցի եզրույթն օգտագործելով՝ ի՞նչ էր ակնարկում։ Արդյոք ինչ-որ նոր գործընթա՞ց կա։ 

- Կարծում եմ, որ պարոն Լավրովը մեկ հիմնական ուղերձ ուներ՝ բոլոր շահագրգիռ դերակատարներին հասցնել այն միտքը, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ճակատագիրը որոշվելու է Մոսկվայի բացառիկ ներգրավվածության պայմանով: 

- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, թե կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Նա, խոսելով, թե ինչ խնդիրներ կարող է լուծել այդ համաձայնագիրը, նշեց «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն եւ պաշտպանությունը», «սահմանի սահմանազատումը» եւ այլն, սակայն խոսք չկար Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ 

- Պետքարտուղար Բլինքենի կողմից հնչեցված բանաձեւին ամենայն լրջությամբ է պետք վերաբերվել ու լավ ծանրութեթեւ անել դրանում առկա ռիսկերն էլ, առավելություններն էլ: Միաժամանակ նաեւ պետք է հստակ գիտակցենք, որ մեր տարածաշրջանը դեռեւս մի քանի տա- րի կմնա արմատական ձեւափոխությունների գոտի՝ կոնֆլիկտածին օջախ: Այսինքն՝ դեռ կայունացման ժամանակը չի եկել: 

- Ի՞նչ եք կարծում՝ արդյոք պետք չէ՞ քայլեր ձեռնարկել, որ Լաչինի միջանցքի շրջափակման հարցը մտնի ՄԱԿ-ի ԱԽ, քանի որ այդպես էլ Ադրբեջանը չկատարեց ՄԱԿ-ի դատարանի պահանջը։ 

- Այս կարգի հարցերի վերաբերյալ հրապարակավ խորհուրդ տալուց ձեռնպահ կմնամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։