ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Մանրամասներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 21-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը և քննարկել իրավապահ ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, գլխավոր դատախազը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում դատախազություն-դեսպանություն փոխգործակցությունը կթևակոխի զարգացման նոր փուլ:

«Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը դեսպանի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Դատախազության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված համակարգի բարելավմանն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ գլխավոր դատախազն ու դեսպանն անդրադարձ են կատարել կոնկրետ ուղղություններով փոխգործակցությանը, որը վերաբերել է ապօրինի հարստացման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործմանը: