Ադրբեջանը էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Հանձնարարականներ եմ տվել ԱԳՆ-ին. Փաշինյան

Մանրամասները՝ տեսանյութում

Ի հեճուկս արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին հրապարակված որոշման, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել ԼՂ-ն հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրա արդյունքում հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված։ Միևնույն ժամանակ, տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով, սրելուն ուղղված  կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։  Սրա վերջին աղաղակող դրսևորումը ԼՂ ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն էր մարտի 5-ին», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս միջադեպը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում. «Կարևոր է արձանագրել, որ Ռուսաստանի ՊՆ-ն  մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի  նախաձեռնողն ադրբեջանական կողմն է։  Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԼՂ-ի ու Ադրբեջանի  ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար։

Այս առումով, կարծում եմ, հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ ԼՂ-ի ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում։ Ինչպես  հիշում եք՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր փակված ճանապարհը չէ միայն, այլև՝ 5 կմ լայնության տարածք անվտանգության գոտի, հետևաբար, մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացրած  սպանությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում է. խախտվել է ոչ միան հրադադարը, ոչ միայն ԼՂ շփման գիծը, այլև՝  Լաչինի միջանցքի 5 կմ-անոց գոտին», - հայտարարեց Փաշինյանը։

Նա ասաց, թե Ադրբեջանի պետական ու մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, եւ լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա. «Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում», - ասաց վարչապետը։

Փաշինյանն ասաց, թե կարևոր ու անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ. «Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է, այս մասին ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ», - նշեց նա։

Վարչապետը նշեց նաև, որ  շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ. «Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է՝ հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանը ԼՂ-ում բանակ ունի և որ ՀՀ-ից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում։ Այս պնդումներն անհիմն են, Ադրբեջանը փորձում է  դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել, հետևաբար, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը նաև այս առումով է դառնում անրաժեշտություն», - ասաց  Նիկոլ Փաշինյանը։