Չինաստանը 3 տարվա ընթացքում առաջին անգամ կվերականգնի բոլոր տեսակի վիզաների տրամադրումն օտարերկրացիներին

Մանրամասներ

Չինաստանը հայտարարել է, որ COVID-19-ի համավարակից հետո առաջին անգամ սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Մարտի 15-ից Չինաստանը կվերականգնի բոլոր տեսակի վիզաների տրամադրումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: Ըստ հաղորդագրության՝ զբոսաշրջության ոլորտի խթանումը պետք է օգնի վերակենդանացնել 17 տրիլիոն դոլարի տնտեսությունը, որն անցյալ տարի ցուցաբերել էր վերջին գրեթե կես դարում աճի ամենադանդաղ տեմպերից մեկը:

Ըստ Չինաստանի արտգործնախարարության հայտարարության՝ երկրի այն հատվածները, որտեղ այցելելու համար համավարակից առաջ վիզա չէր պահանջվում, դարձյալ կանցնեն մուտքի անայցագիր ռեժիմի: Սա կներառի Չինաստանի հարավում գտնվող զբոսաշրջային Հայնան կղզին և Շանհայի նավահանգստով անցնող զբոսաշրջային նավերը: Կվերականգնվի նաև անայցագիր մուտքը հարավային Գուանդուն նահանգ Հոնկոնգից և Մակաոյից օտարերկրացիների կազմակերպված խմբերի համար:

Չինաստանի արտգործնախարարությունում նաև նշել են, որ մինչև 2020 թ.-ի մարտի 28-ը վիզա ստացած այն օտարերկրացիները, որոնց վիզաների գործողության ժամկետը չի անցել, նույնպես կարող են մուտք գործել Չինաստան:

Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թ. մարտի 28-ից ժամանակավորապես արգելել էին օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր: 2022 թ. դեկտեմբերի սկզբին Չինաստանը մեղմացրել էր կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումները, որից հետո երկրում վիրուսի լայն տարածում էր սկսվել: 2023 թ. հունվարից մեղմացվել էին նաև կարանտինային սահմանափակումները երկիր մուտք գործողների համար: Չինաստանի իշխանություններն այդ ժամանակ նաև հայտարարել էին, որ փուլ առ փուլ կվերականգնեն Չինաստանից ուղևորությունները դեպի այլ երկրներ: