Բաքուն անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների՝ խաղաղ համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կետ ներառելու փորձերը: Այս մասին Report-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցերը պետք է առանձին լուծվեն և կապված չլինեն ԼՂ բնակչությանը վերաբերող հարցերին։
«Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է։ Ադրբեջանի համար ղարաբաղյան հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից։
Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կորոշվեն Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայ բնակիչներին հատուկ արտոնություններ չեն սպասվում»,- ասել է Ալիևի օգնականը։
Նա նաև մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին, նշելով, թե Երևանն, իբր, Հայաստանը նպատակաուղղված խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և փորձում է ժամանակ շահել։
«Հայաստանն ի սկզբանե փորձել է ղարաբաղյան հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։
Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը զուտ Ադրբեջանի ներքին խնդիրն է, և Բաքուն չի պատրաստվում ինքնիշխանության վերաբերյալ հարցերը քննարկել որևէ այլ կողմի հետ», - հայտարարել է Հաջիևը:
0Comments