Ադրբեջանում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել

Մանրամասներ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը կանչել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավիին՝ իրանա-ադրբեջանական սահմանի մոտ իրանական ռազմական ինքնաթիռի ենթադրյալ թռիչքի պատճառով։ Այս մասին գրում է իրանական Mehr գործակալությունը:

Շաբաթ օրը տարածելով համատեղ հայտարարություն՝ Ադրբեջանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն պնդել են, որ «2023 թվականի մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից 10:26-ը շարունակաբար թռիչքներ է իրականացրել իրանա-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով Զանգիլանի (Արցախի`44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի օկուպացիայի տակ հայտնված Կովսականի շրջան-Tert.am), Բիլասուվարի և հակառակ ուղղությամբ»:

Ըստ հայտարարության՝ ինքնաթիռը թռչել է երկու երկրների միջև սահմանից երեքից հինգ կիլոմետր հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ սահմանի վրայով։

Բաքուն պնդել է, որ իրանական կողմի քայլը սադրիչ է և ոչ բարեկամական։ Ըստ Բաքվի՝ սահմանային գծով թռիչքները վտանգ են ներկայացնում քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը և ծառայում են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա սրմանը։

«Մենք խստորեն դատապարտում ենք իրանական կողմին նման սադրիչ քայլի համար և կոչ ենք անում համապատասխան բացատրություններ տալ և հետագայում զերծ մնալ նման սադրիչ քայլերից», - ասվում է հայտարարությունում։

Ադրբեջանական կողմը նաև հիշեցրել է, որ անցյալ տարի իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել նաև Արաքս գետի երկայնքով՝ Ադրբեջանի սահմանների մոտ։

Ադրբեջանի Հանրապետությունը, դատապարտելով ենթադրյալ գործողությունը, իրանական կողմից պատշաճ բացատրություն է պահանջել։

Հայտարարության մեջ նշվում է, որ Բաքվում Իրանի դեսպանը ենթադրյալ թռիչքի պատճառով կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ և նրան համապատասխան բողոքի նոտա է ներկայացվել։