«Մեդլայն կլինիկ» ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է

Մանրամասներ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է։ Լուրը հայտնում է Հրապարակը:

Նիստը տեղի է ունեցել գիշերը, որոշումը հրապարակել են առավոտյան 10-ին։ 

Նշենք, Մեդլայնի տնօրեն Բաբկեն Շահումյանի դեմ ցուցմունք է տվել 8 հոգի՝ իր իսկ ղեկավարած հիվանդանոցի աշխատակիցները։ Կալանքի որոշման հիմք են հանդիսացել վկաների վրա հավանական ճնշումները

Ինչպես ավելի վաղ գրել էինք, մարտի 10-ին ձերբակալվել են Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ: 

Ձերբակալվածները՝ բացի երեք հոգուց, ազատ էին աձակվել։ Նրանք են՝ Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը և «Մեդլայն կլինիկ»-ի ևս մեկ բժիշկ:

Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է Կառավարության պահուստային ֆոնդից: Հիշյալ ծրագրի շրջանակում Առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը:

Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ԱՆ թոքաբանության և տուբերկուլոզի գծով խորհրդատու, ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։

Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։