«2018թ., երբ ես հեռանում էի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներն ընդգծում էին՝ Հայաստանը չէ, որ հրաժարվում է իրենց արած առաջարկություններից». Էդվարդ Նալբանդյան

Մանրամասներ

Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանյանը Ռադիո-Sputnik-ի եթերում նշել է, որ Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանը ստիպված էր ամեն ինչ զրոյից կառուցել:

«Հայաստանն ունիկալ երկիր է, այն 100 փոքրիկ Հայաստան է, որովհետև գործնականում աշխարհի 100 երկրում ապրում են հայեր, ունեն իրենց համայնքները, ենթակառուցվածները: Եգիպտոսում էլ կա բավականին ազդեցիկ համայնք, որն իր ժամանակին ունեցել է հայ նախարարներ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Եգիպտոսում դեսպան աշխատելու տարիներին ինքն այնտեղ մեծ աջակցություն է ունեցել:

«Ես շատ ջերմ  և գործնական հարաբերություններ եմ պահպանել Ռուսաստանի դեսպանության և ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ, որովհետև շատերն իմ ընկերներն էին: Փոխադարձ օգնություն միշտ եղել է»,- ասել է նա:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Հայկական սփյուռքը հզոր փափուկ ուժ է:

Ֆրանսիայում դեսպան աշխատած Նալբանդյանը նկատեց՝ նույնիսկ անգլիացիներն են համարում, որ Ֆրանսիան դիվանագիտությանը տվել է ավելի շատ, քան որևէ այլ երկիր աշխարհում: Նրա խոսքով՝ Ֆրանսիան միշտ բազմավեկտոր քաղաքականության կողմնակից է եղել, նույնիսկ Մակրոնն էր նման հայտարարություններ անում: Միևնույն ժամանակ, չցանկացավ մեկնաբանել այն, ինչ հիմա է կատարվում:

«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, դա հեշտ գործընթաց չէ, բայց աշխարհի կեսը Ֆրանկոֆոնիայի մաս են, դրանք կազմակերպություններ են, որոնք կոորդինացնում են իրենց քայլերը՝ տարբեր միջազգային կազմակերպություններում: Տարօրինակ կլիներ, որ այդ բոլոր անդամները խոսեին տարբեր լեզուներով և ոչ ֆրանսերենով: Դա էլ Ֆրանսիայի փափուկ ուժի դրսևորում է: Բայց այնպես է ստացվել, որ թեպետ շատերն էին դեմ, բայց մեզ հաջողվեց այնպես անել, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիային անդամակցի և անցկացնի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով Հայաստանում: Իհարկե, այնպես ստացվեց, որ դա իմ հեռանալուց հետո կազմակերպվեց, բայց որոշումն իմ օրոք է կայացվել»,- ընդգծեց նա:

ՀՀ արտգործնախարարի պաշտոնում իր ձեռքբերումների մասին խոսելիս՝ Նալբանդյանը հետևյալն ասաց. «Կոնկրետ այն 10 տարիներին, երբ ես արտաքին գործերի նախարար էի, մենք ամեն դեպքում քիչ բան չենք արել Հայաստանի ընկերների աշխարհագրության ընդլայնման համար: Առաջին հերթին, մենք խորացրել և ընդարձակել ենք մեր ռազմավարական դաշնակցությունը ՌԴ-ի հետ: Որքան էլ տարօրինակ հնչի, հենց այդ ժամանակ են կայացել առաջին պետական այցելությունները: Դրանից առաջ չէին եղել ՌԴ նախագահների պետական այցեր Հայաստան, չէին եղել նաև ՀՀ նախագահների պետական այցեր, իհարկե, պաշտոնական, աշխատանքային այցեր եղել էին, բայց պետական այցերը հատուկ աստիճան է: Զարգանում էին ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցություններ, տնտեսական, հումանիտար համագործակցություններ, և այլն: Հայաստանը դարձավ շատ ակտիվ անդամ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, և մտավ ԵՏՄ, որն ամբողջովին համապատասխանում էր Հայաստանի թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական հետաքրքրություններին: Միևնույն ժամանակ, մենք բավականին ակտիվ հարաբերություններ էինք զարգացնում մեր հարևաններ Իրանի և Վրաստանի հետ:

Փորձում էինք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ: Այդ պատկերն իմ աչքերի առաջ է, երբ մենք Թուրքիայի արտգործնախարարի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններն էինք ստորագրում, և մեր հետևում կանգնած էին Լավրովը, Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի ԱԳ նախարարը և մյուսները: Դիվանագիտության միջոցով մենք շատ բաների հասանք: Իսկապես, առանց որևէ նախապայմանի Թուրքիան գնաց արձանագրությունների ստորագրման: Պատմության մեջ առաջին անգամ ոչ թե Թուրքիան էր մեր «վզին փաթաթում», այլ Հայաստանն էր առաջարկել, և դրանք ստորագրվել էին:

Իսկ հետո Թուրքիան հրաժարվեց դրանք իրականացնել, ոչ թե Հայաստանը, դա շատ բան է հուշում: Միևնույն ժամանակ, մենք հարաբերությունները զարգացնում էինք Եվրոպայի հետ: ԵՄ-ի հետ ստորագրեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Տարբեր «քաղաքագետներ» ասում էին, թե Հայաստանը շրջադարձ է կատարում և այլն, բայց այդ համաձայնության տեքստում 3 հիմնական հատվածներում գրված է՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները՝ այլ ինտեգրացիոն համակարգերում, նկատի ունենալով այնպիսի ինտեգրացիոն համակարգերը, որոնց մենք արդեն անդամակցում էինք: Միևնույն ժամանակ, մենք ակտիվացնում էինք մեր հարաբերությունները և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի, և՛ Ճապոնիայի հետ. երկրներ, որոնք իրար մեջ միգուցե այդքան էլ հարթ հարաբերություններ չունեին, բայց մեզ հաջողվում էր շատ սերտ հարաբերություններ հաստատել»:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ամեն հնարավոր բան արել են, որ որպես առաջին ցեղասպանություն ապրած երկիր՝ միջազգային հանրության ջանքերով Հայաստանը հասնի ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ որոշումների ընդունման. «Բոլոր որոշումներն ընդունվում էին կոնսենսուսով, և նույնիսկ այն երկրները, որոնք գուցե պետք է դեմ քվեարկեին, չէին կարողանում դա անել: Դա շատ կարևոր պահ է»:

Նրա խոսքով՝ բավականին շատ բան է արվել իր պաշտոնավարման ընթացքում նաև Արցախի հարցում. «Մեր դիրքորոշումը համահունչ էր համանախագահների դիրքորոշման հետ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Երբ ես հեռանում էի ԱԳ նախարարի պաշտոնից, ասում էի, որ շատ կարևոր է ամրապնդել այդ հաջողությունը, որ դրա հիման վրա դուրս գանք բացառապես խաղաղ քաղաքական կարգավորման: Ցավոք, հետո դա չհաջողվեց անել: 2018թ., երբ ես հեռանում էի, ոչ միայն Հայաստանը, այլև համանախագահողներն ընդգծում էին, որ Հայաստանը չէ, որ հրաժարվում է այն առաջարկություններից, որոնք արվում են համանախագահ երկրների կողմից»:

Նյութի աղբյուրը՝  Ռադիո-Sputnik