Վրաստանում ներքին եւ արտաքին ճնշման արդյունքում հետ կանչվեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերի փաթեթը. վրացագետ

Մանրամասներ

Վրացագետ Ջոնի Մելիքյանի համոզմամբ՝ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը ներիքն եւ արտաքին ճնշումների արդյունքում է հետ կանչել  «Օտարերկրյա ազդեցության մասին» եւ «Օտարերկրացի գործակալների գրանցման մասին» օրինագծերը, որոնց ընդդիմախոսները մի քանի օր է բողոքի ցույցեր են անցկացնում։ 

«Ցույցերի ու արտաքին գործընկերների՝ ԱՄՆ–ի ու ԵՄ–ի հետ քննարկումների ֆոնին, որոշում կայացվեց, որ շտապել են ու հետ կանչեցին օրենքը։ Ցույցերին մասնակցում էին նաեւ երիտասարդներ, ինչը իշխանություններին պետք չէր, մյուս կողմից էլ արտաքին ճնշումն էր՝ հայտարարություններ եղան պետդեպից, Եվրամիությունից, տարբեր դեսպաններից, որոշեցին հետքայլ անել ու փորձել այս ամենը փաթեթավորել ԵՄ ուղու հետ, այսինքն՝ եթե եվրոպացի գործընկերներն ասում են, որ սա ճիշտ պրակտիկա չէ, ուրեմն վերանայենք մեր որոշումը»,– ասաց վրացագետը։

Ջոնի Մելիքյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձելու է բողոքի ալիքն իրենով անել. այսօր ժամը 19։00–ին հանրահավաք է սպասվում, որի մասնակցությունից եւ հայտարարություններից էլ ըստ վրացագետի՝ պարզ կլինի, թե ցույցերն ինչ ընթացք կունենան։

«Խորհրդարանական մեծամասնություը կհետեւի այսօրվա բողոքի ցույցին ու կփորձի ընդդիմությանը բացատրել իր կառուցողական լինելը, որ իրենք լսում են եվրոպացի գործընկերներին։ Օրենքի հետկանչումը, կարծում եմ՝ նաեւ տակտիկական քայլ էր Բրյուսելի հետ  բանակցային գործընթացներում հավելյալ խաղաքարտ ունենալու համար։Միգուցե որոշակի կոմունիկացիաներ ունեցան, որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստացան, դրա համար այսօր կարողանում են ավելի ճկուն լինել։ Եթե իրավիճակը ստաբիլիզացվի երկրի ներսում, բողոքի ցույցերը մարեն եւ երկխոսության մեջ լինեն Եվրամիության հետ, ապա այդ ժամանակ կարելի է ասել, որ այդ օրենքը իր դրական ազդեցությունն ունեցավ բոլոր գործընթացների վրա»,– ընդգծեց Ջոնի Մելիքյանը։

«Օտարերկրյա ազդեցության մասին» եւ «Օտարերկրացի գործակալների գրանցման մասին» օրինագծերը Վրաստանում ստացել են «օտարերկրյա գործակալների մասին» անվանումը։ Այն կոչում են նաեւ պրոռուսական փաթեթ։ Ըստ այդ փաթեթի՝ արտերկրից գումար ստացող քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու ԶԼՄ–ները պետք է տարեկան հայտարարագիր ներկայացնեն ու նշեն, թե որտեղից են ֆինանսավորվում։

Նշենք, որ մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր «օտարերկրյա գործակալների մասին» փաթեթը։ Ընդդիմախոսները համոզված են՝ փաթեթի ընդունմամբ սահմանափակվելու էր ազատությունները։

Փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո ցուցարարները շրջապատել են խորհրդարանի շենքը։ Երեկ՝ մարտի 8–ին, իրավիճակը լարվել էր։ Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր տեղի ունեցել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր  կիրառել ցուցարարների դեմ։ Ոստիկաններին հաջողվել է այսօր մինչեւ լույս ցույցը ցրել։ Այժմ Վրաստանի խորհրդարանի մոտ հանգիստ է։ Հատուկջոկատայինները նախկինի պես կանգնած են շենքի մուտքի մոտ։

Վրացական Առաջին ալիքի տվյալներով՝ իրավապահները բերման են ենթարկել  66 մարդու։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երեկվա հանրահավաքի ժամանակ տուժել է նախարարության մոտ տասը աշխատակից։