Կարմրուկի տեղական բռնկում ունենք. նախարար. VIDEO

Մանրամասներ

Կարմրուկի տեղական բռնկում ունենք, հաջողվել է երկրորդային շղթան սահմանափակել: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա, մաասնավորապես, նշեց. ՛՛Դեպքերի թիվը, լոկալիզացիան հուշում են, որ սա տեղական բռնկում է։ Մենք ունենք լավ պատվաստման շեմ, հանրային իմունիտետի շեմ։ Վեց տարեկան երեխաների ընդգրկվածությունը 2022 թվականի տվյալներով 95 տոկոս է։ Կա 5 տոկոս երեխաների և մեծահասակների մի խումբ, որոնք պատվաստված չեն և կարող են վարակը վերցնել՛՛։

Նախարարի խոսքով՝ վարակը դրսից է բերվել, իրականացնում են աշխատանքներ՝ հայտնաբերելու նաև այլ տեղերից հնարավոր ներթափանցումները։

՛՛Առաջիկա օրերին մեր հայտնաբերման շրջանակը մեծանալու է։ Մեզ հաջողվել է երկրորդային շղթան սահմանափակել և թույլ չտալ տարածվելու։ Ակտիվ հակահամաճարակային աշխատանքները պետք է թույլ տան կանխել տարածումը՛՛,-հավելեց նա։

Ավանեսյանը զգուշացրեց նաև, որ կարմրուկը բավականին վտանգավոր և խիստ վարակիչ հիվանդություն է։

՛՛Թե՛ երեխաների, թե՛ մեծերի մոտ կարող է ունենալ բարդ ընթացք։ Մահվան դեպքեր կարող են լինել, եթե պացիենտը ժամանակին չստանա համապատասխան ամբողջական դեղորայքային կուրսը։

Երկու դեղաչափով պատվաստված անձը 98 տոկոսից ավելի պաշտպանվածության շեմ ունի։ Եթե մեր քաղաքացիներն ունեն երեխաներ, որոնք բաց են թողել պատվաստումները, պիտի դիմեն պոլիկլինիկա և պատվաստվեն։ Պատվաստանյութերն անվտանգ են և որակյալ։ Առաջին դեղաչափը 1 տարեկանում է, երկրորդը՝ 4-ից 6 տարեկանում, բայց քանի որ կան բռնկումներ, խորհուրդ ենք տալիս չորս տարեկանում անել պատվաստումը՛՛,-նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում.