Հուսով ենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեր դիտարկումներին․ Ալիև

Մանրամասներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիտսի հետ կայացած հանդիպմանն անդրադարձել է հայ–ադրբեջանական հարաբերություններին։

APA-ի փոխանցմամբ՝ Ալիևն ասել է․ «Այսօր ես պարոն նախագահին ներկայացրել եմ նաև իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին»։

Ըստ Ալիևի՝ իրենց ներկայացրած առաջարկը «հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»․ «Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկել ենք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ, գործընթացն ընթացքի մեջ է»,- ընդգծել է նա։