Անհամբեր սպասում եմ Ադրբեջանի ղեկավարության հետ բովանդակալից հանդիպումներին․ Տոյվո Կլաարը՝ Բաքվից

Մանրամասներ

Վերադարձել է Բաքու․ անհամբեր սպասում եմ բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ես վերադարձա Բաքու։ Անհամբեր սպասում եմ բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Այսօրվա ճակատագրական միջադեպը ընդգծում է կայունության եւ արդար խաղաղության հասնելու համար բանակցությունների առաջխաղացման հրատապությունը», - գրել է Կլաարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Կլաարի՝ Բաքու կատարելիք այցի մասին։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայպալու կոչվող տարածքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը կրակ է բացել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հերթապահ մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել է ոստիկանության երեք աշխատակից՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը եւ լեյտենանտ Արարատ Գասպարյանը։

Մեկ այլ զինծառայող՝ լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը հրազենային վնասվածք է ստացել։ Նա վիրահատվել․ վիճակը կայուն է։