Հույս ունեին, որ ես Հայաստանից կփախնեմ, բայց իմ քաղաքական կենսագրությամբ ապացուցել եմ, որ ես փախչող չեմ․ Փաշինյան

Մանրամասներ

44–օրյա պատերազմի հետեւանքներն առաջինը կրում են զոհվածների ծնողներն ու հարազատները, հետո արդեն ես։ Այս մասին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք միայն հետեւանքների մասին ենք խոսում, իսկ պատճառների մասին ուզո՞ւմ ենք խոսել, կարծում եմ, որ մենք պետք է խորանանք ու տեսնեք, թե ինչ է տեղի ունեցել մեր բանակում, երբ մենք հոտնկայս կենաց էինք խմում, ինչ է տեղի ունեցել մեր արտաքին քաղաքականության մեջ, ինչքանով է Հայաստանը եղել ու կա որպես ինքնիշխան պետություն»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։

 Փաշինյանն ընդգծեց, որ ինքը հավատարիմ է ընտրություններում իրեն ձայն տված ժողովրդին. «Որովհետեւ եթե դուք մեկին մանդատ եք տալիս, հետո էդ մանդատը հետ չեք վերցնում ու էդ մեկը մանդատը շպրտում է փողոց ու փախնում, դրանից ավելի մեծ դավաճանություն չի կարող լինել։ 2020 թվականի նոյեմբերի 9–ին հայտնի իրադարձությունների ժամանակ մարդիկ գնացել էին օդանավակայանի թռիչքուղիներն էին գրավում, իրենք հույս ունեին, որ ես Հայաստանից պետք է փախնեմ, բայց գոնե իմ քաղաքական կենսագրության ընթացքում ապացուցել եմ, որ ես փախչող չեմ, եւ ինձ տրված պատասխանատվությունը կրելու եմ մինչեւ վերջ։ Այն է՝ Հայաստանը որպես խաղաղ ու զարգացող պետություն ժառանգել հաջորդ կառավարությանը ու սերունդին»։