Բացառված է, որ լինի որևէ կոռուպցիոն դեպք ու այդ դեպքը պատշաճ մակարդակով քննության չառնվի. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարց է, չի կարող լինել կոռուպցիայի որևէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չստանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարց է: Եվ մենք այս պայքարում որևէ կերպ մեր ջանքերը չենք թուլացնելու»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից հրապարակած փաստերին, որոնք վերաբերում են կոռուպցիոն դրսևորումներին՝ վարչապետը վստահեցրեց, որ այդ փաստերով ևս հետաքրքրվում են իրավապահ մարմինները:

«Պետք է վստահեցնեմ, որ չի կարող լինել կոռուպցիայի որևէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չի ստանա: Բացառված է, որ լինի որևէ կոռուպցիոն դեպք ու այդ դեպքը պատշաճ մակարդակով քննության չառնվի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ կոռուպցիան, առաջին հերթին, կապվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, դատական և այլ համակարգերի հետ: Վարչապետ ընդգծեց, որ իր դիրքորոշումը շարունակում է մնալ շատ հստակ՝ հանրային կառավարման ոլորտում, դատական համակարգում պետք է աշխատավարձերի էական բարձրացում տեղի ունենա:

«Չի կարող լինել, որ մենք մի կողմից ասենք՝ եկեք պայքարենք կոռուպցիայի դեմ, ասենք, որ պետական մարմինները թող որակյալ ծառայություններ մատուցեն ու ասենք, որ, օրինակ, նախարարություններում պետք է լինի 90 կամ 110 հազար դրամով աշխատող մասնագետ: Մյուս կողմից էլ ակնկալենք, որ գործերը արագ ու լավ որակով ընթանան: Այս առումով մենք 2018 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարություն իրականացրել ենք ու հիմա նոր ռազմավարության մշակման փուլում ենք գտնվում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ՝ ամենամեծ խնդիրը քրեական մտածողությունն է, կոռուպցիայի, հանցավորության համար քրեական մտածողությունից ավելի պարարտ հող ուղղակի չկա: «Մենք քրեական մտածելակերպից պետք է անցում կատարենք օրենքի վրա հիմնված հարաբերություններ»,-եզրափակեց վարչապետը: