9-ամյա դստերը սեռական բռնության ենթարկած Վարդենիսցի տղամարդը կալանավորվել է

Մանրամասներ

9-ամյա դստեր նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարած 38-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 23-ին Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ սկսվել նախաքննություն։

Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) եւ 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը)։

«Միջնորդություն է ներկայացվել 38-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին, որը դաարանի որոշմամբ բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- հայտնում են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա մի տղամարդու, որը խոստովանել է, որ  փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում գտնվող իր բնակարանում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այդ արարքը իր բջջային հեռախոսով նկարահանել է տղամարդու 61-ամյա մայրը։