Եվրամիության երկրների ղեկավարները խոստացել են «չհանգստանալ» մինչև Ուկրաինայի հաղթանակը

Մանրամասներ

Եվրամիության երկրների ղեկավարները խոստացել են «չհանգստանալ» մինչև Ուկրաինան չհաղթի Ռուսաստանի դեմ հակամարտությունում և նրա տարածքային ամբողջականությունը չվերականգնվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Եվրոպական խորհրդի անդամ պետությունների տարածած հայտարարության մեջ: ԵՄ 27 երկրների ղեկավարներն ընդգծել են, որ կշարունակեն աջակցել Կիևին զենքի և ռազմամթերքի մատակարարումներով  և մշտապես կմեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա։

«Եվրամիությունը կշարունակի Ուկրաինային տրամադրել քաղաքական, տնտեսական, հումանիտար, ֆինանսական և ռազմական օգնություն, այդ թվում՝ եվրոպական ռազմական արդյունաբերությունից արագ համակարգված գնումների միջոցով: Մենք նաև կօժանդակենք Ուկրաինայի վերականգնմանը, ինչի համար մենք կձգտենք օգտագործել սառեցված և արգելափակված ռուսական ակտիվները՝ եվրոպական և միջազգային իրավունքին համապատասխան», - ասված է հայտարարության մեջ:

«Մեր միջազգային գործընկերների հետ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան հաղթի, պահպանվեն միջազգային նորմերը, վերականգնվեն խաղաղությունը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ նրա պետականորեն  ճանաչված սահմաններում, որպեսզի Ուկրաինան վերակառուցվի, և արդարադատությունն իրականանա: Մինչ այդ օրը մենք չենք հանգստանա», - նշված է ԵՄ ղեկավարների հայտարարության մեջ։

Իր հերթին ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը բազմիցս բացահայտորեն խոստովանել են, որ ո՛չ եվրոպական, ո՛չ էլ, առավել ևս, միջազգային օրենսդրության մեջ գոյություն չունեն նորմեր, որոնք նախատեսում են օտարերկրյա պետության սուվերեն ակտիվների բռնագրավման հնարավորությունը:

Սակայն երկու եվրոպացի պաշտոնյաներն էլ հավելել են, որ ԵՄ-ն կորոնի իրավական ձևեր ռուսական այն միջոցների բռնագրավման համար, որոնք կարողացել է սառեցնել և հայտնաբերել: ԵՄ դեսպաններն արդեն հինգերորդ օրն է՝ փորձում են համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը։ Ըստ աղբյուրների՝ նրանք «գործնականում համաձայնության են եկել, բայց դեռ մնում են մի քանի մանրամասներ»։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին: