Իսրայելում հզոր, ծայրահեղ ավերիչ երկրաշարժի սպառնալիք կա. Սեյսմոլոգները նախազգուշացրել են

Մանրամասներ

Փետրվարի սկզբից Իսրայելում արդեն վեց երկրաշարժ է գրանցվել, սակայն բոլորն էլ համեմատաբար թույլ են եղել։

Այնուամենայնիվ, գիտնականները զգուշացնում են, որ հետցնցումների նման խիտ շարքը կարող է լինել մոտալուտ հզոր երկրաշարժի նախագուշակ, որը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է 12-րդ ալիքը։

Թել Ավիվի համալսարանի երկրաֆիզիկայի ամբիոնի սեյսմոլոգ, դոկտոր Ասաֆ Ինբալը կարծում է, որ Իսրայելում ուժեղ երկրաշարժը միայն ժամանակի հարց է։

Դոկտոր Ինբալը նշել է, որ Թուրքիայի ավերիչ երկրաշարժից հետո Իսրայելում ցնցումների հաճախականությունը կտրուկ աճել է և դեռ չի նվազում։

«Ի՞նչ է սա մեզ ասում. չեմ կարող հստակ ասել, բայց փոքր ցնցումները չեն կանխի լուրջ երկրաշարժը։

Նրանք այնքան էներգիա չեն թողնում, որ «թուլացնեն» այն ամբողջ սթրեսը, որը կուտակվում է մեր տարածքում երկրաբանական խզվածքների վրա»,- ասել է պրոֆեսորը:

Սեյսմոլոգի խոսքով՝ վերջին տասնամյակներում Իսրայելում նման երկրաշարժերի շարք չի եղել։ 

Գիտնականը զգուշացրել է, որ կարող է կապ լինել թույլ երկրաշարժերի շարքի և ապագայում հզոր երկրաշարժի առաջացման միջև։

Նա ասել է, որ ցնցումների շարքը կարող է լինել առաջիկայում սպասվող մեծ երկրաշարժի նշան:

Մասնագետը նաև զգուշացրել է, որ Մեռյալ ծովի խզվածքը, որտեղ հարակից լիթոսֆերային սալերը բավականաչափ էներգիա են կուտակել, կարող է դառնալ ծայրահեղ ավերիչ երկրաշարժի վայր։