Ուղիղ բանակցություններով պետք է խնդիրները լուծել Ադրբեջանի հետ. Բաբայան

Մանրամասներ

Եթե կա ցանկություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, ապա ուղիղ բանակցություններով պետք է խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ փոխվստահության առկայության դեպքում: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության  հետ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

Բաբայանիխոսքով՝ նախ պետք է հասկանալ, թե Ադրբեջանն իրոք ցանկանում է հաշտվել, թե ոչ։

«Ադրբեջանը Հադրութի քաղաքացուն հանում է իր տնից, ավտոմատով կանգնում ու ասում եկեք հաշտվենք։ Եթե նրանք համարում են, որ պիտի հաշտվեք, ապա պետք է փոխվստահության մթնոլորտը ստեղծենք։ Առաջինը հասկանանք, թե մեր դիմացինն ինչ է ուզում, հասկանանք պահվածքը: Այդ փաթեթը պետք է ստեղծել։ Ադրբեջանը վերջին երկու տարում հայտարարություններ է տարածում իր արտգործնախարարի, պաշտպանության նախարարի շուրթերով, որ ձևավորել են հինգ կետ, որից բխող պատասխանները կան: Պետք է մեր հասարակության լայն խավերի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ քննարկենք, հղկենք մի փաստաթուղթ, իսկ դրանով ով է բանակցելու, հետաքրքիր չէ»,- ասել է  նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կցանկանա բանակցել, նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանն ուզում է Ռուսաստանին դուրս բերել այս տարածաշրջանից, ուստի ցանկանալու է բանակցել Արցախի հետ:

«Պետք է բանակցի, քո դրած հարցերը մաքսիմում, ինչքանով հնարավոր է լուծի, որովհետև, եթե ինքը դրան չի գնում, ժամանակ է ձգում, սառեցնում է այս կոնֆլիկտը մի նոր ձևով, ապա գալու է մի պահ, որ Ռուսաստանը իր ուժը հավաքած կլինի, իսկ Ադրբեջանը կարող է նորից վասալի դեր ընդունել։ Ես գտնում եմ որ Ադրբեջանը դա չի ուզում»,- նշեց նա:

Ըստ Բաբայանի՝ բանակցությունների առաջին փուլը պետք է ուղղված լինի փոխվստահության ստեղծմանը:

«Եթե նա զենքը պահում և մեզ ասում է զենքդ ցած դիր, իհարկե, չեմ դնելու։ Հավատանք, որ երկուսս էլ ուզում ենք լուծել խնդիրը, նոր անցնենք Ղարաբաղի կարգավիճակին։ Առաջինը չանելով երկրորդին չես հասնելու։ Մենք 30 տարի բանակցել ենք՝ առաջինը չանելով, որ երկրորդը լուծենք, բայց չենք լուծել։ Բանակցելու տեսանկյունից կարող են թիմ կազմել և այդ փաստաթուղթը հղկվի և վերցնեն գնան բանակցությունների, որի շրջանակից իրավունք չունեն դուրս գալու։ Եթե իրենց հայտարարությունները ճիշտ են, որ ուզում են խաղաղություն, ապա մեզ հետ հարցերը պիտի լուծեն։ Մենք էլ ենք պատրաստ, չենք խուսափում դրանից», - ընդգծել է Բաբայանը: