Առաջիկա շաբաթներին օդ կբարձրանա իրանական արտադրության առաջին ինքնաթիռը. Tasnim

Մանրամասներ

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հրապարակել է առաջիկա շաբաթներին տեղական արտադրության ինքնաթիռի առաջին թռիչքի ծրագրերը, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության գլխավոր տնօրեն Մոհամմադ Մոհամմադիբախշը շաբաթ օրը հայտարարել է, որ երկիրն առաջ է շարժվում մարդատար ինքնաթիռների արտադրության ոլորտում։  

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունն իր վրա է վերցրել ինքնաթիռի արտադրության պատասխանատվությունը, իսկ քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը վերահսկում է գործընթացը։ Ավարտվել է Iran-140 ինքնաթիռի նոր հարթակի արտադրության առաջին փուլը։

Մոհամմադիբախշը պատմել է, որ իրանական արտադրության ինքնաթիռը տարբեր նպատակներով օգտագործելու ծրագրերը լրամշակվել են։ 

«Մենք ենթադրում ենք, որ Iran-140 ինքնաթիռի նոր հարթակն իր առաջին թռիչքը կկատարի մինչեւ այս տարվա վերջ»,-ասել է նա։          

Ընթացիկ իրանական տարին կավարտվի մարտի 20-ին։

Մոհամմադիբախշը նաեւ նշել է, որ Իրանում 330 մարդատար ինքնաթիռ կա, որոնցից միայն 175-ն են շահագործվում:

Հաշվի առնելով, որ Իրանում կա 90 օդանավակայան, իսկ բնակչությունը կազմում է ավելի քան 80 միլիոն մարդ, երկրին անհրաժեշտ է առնվազն 550 տարբեր տեսակի եւ դասի ինքնաթիռներ, հայտարարել է նա:

Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության գլխավոր տնօրենն այնուհետեւ նշել է, որ իրանական էներգետիկ եւ ենթակառուցվածքային MAPNA կոնգլոմերատը ձեռնամուխ է եղել ավիացիոն շարժիչների արտադրության նախագծի իրականացմանը։

Խոսելով Հայրենական ավիացիոն շարժիչի մշակման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին՝ նա հույս է հայտնել, որ վերջնական արտադրանքը կներկայացվի մոտ ապագայում։ 

2022 թվականի հունիսին իրանական ավիաշինական արդյունաբերական ընկերություն կատարած այցից հետո Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ գործարանի մասնագետներին հրամայել է մոտ ապագայում արտադրել առնվազն 72 նստատեղ տարողությամբ հայրենական ինքնաթիռներ։