Էրդողանը եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել. «Թուրքիան բախվել է աշխարհի պատմության մեջ ամենամեծ աղետներից մեկին»

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի՝ ավերիչ երկրաշարժերից տուժած տասը նահանգում, հայտնում է Անադոլու գործակալությունը։

Էրդողանն ասել է, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում ցնցումների զոհ է դարձել 3549 մարդ, վիրավորվել՝ 22 168-ը։ Փլատակների տակից դուրս է բերվել ավելի քան 8000 մարդ:

«Մենք կանգնած ենք ոչ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի պատմության մեջ ամենամեծ աղետներից մեկի առաջ։ Աղետի գոտում աշխատանքի համար մոբիլիզացվել են պետական բոլոր կառույցների, անձնակազմերի և տեխնիկայի ջանքերը։ Առաջին փուլում 100 միլիարդ լիրա է հատկացվել աղետի գոտու բնակիչներին շտապ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է պետության ղեկավարը։

Երկրաշարժի գոտի է ուղարկվել 54 000 վրան, 102 000 մահճակալ և առաջին անհրաժեշտության իրեր։

Էրդողանի խոսքով՝ աղետի գոտում արդեն աշխատում է 53 317 փրկարար։ Նրանց թիվն օրեցօր ավելանում է Թուրքիայից և այլ երկրների թիմերի շնորհիվ, նշել է քաղաքական գործիչը։