Կա կոնսենսուս նախագահ Զելենսկու հետ, որ արևմտյան զենքը չի կիրառվի Ռուսաստանի տարածքի վրա. Գերմանիայի կանցլեր

Մանրամասներ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, պատասխանելով Bild-ի լրագրողի հարցին, թե կա՞ պայմանավորվածություն նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որ արևմտյան զենքը կկիրառվի միայն Ուկրաինայի տարածքում և Ռուսաստանի տարածքին հարված չի հասցվի դրանով, ասել է. «Կա կոնսենսուս այս հարցում»։

Բացի այդ, կանցլերը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը, թե Ռուսաստանին «կրկին սպառնում են խաչերով գերմանական տանկերը»։ Շոլցը ասել է, որ ՌԴ նախագահի խոսքերը պատմական անհասկանալի համեմատությունների մի մասն են, «որը նա օգտագործում է Ուկրաինայի վրա իր հարձակումն արդարացնելու համար»։ «Ոչինչ չի կարող արդարացնել այս պատերազմը, Ռուսաստանը դաժան պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ»,- հավելել է Շոլցը։

Նրա խոսքով՝ Գերմանիան որոշել է տանկեր փոխանցել Ուկրաինային, «որ նրանք կարողանան պաշտպանվել»։ «Մենք մանրամասն կշռադատել ենք զենքի յուրաքանչյուր խմբաքանակ՝ սերտորեն համաձայնեցնելով այն մեր դաշնակիցների, առաջին հերթին Ամերիկայի հետ։ Նման միասնական մոտեցումը կանխում է պատերազմի էսկալացիան»,- վստահ է Գերմանիայի կանցլերը։