Հայաստանում սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում. ԿԲ նախագահ

Մանրամասներ

Հայաստանի կենտրոնական բանկի գնահատմամբ՝ ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումները զսպվում են: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն՝ ի պատասխան «Արմենպրես»-ի՝ դրամի արժևորման պարագայում անգամ ներմուծվող ապրանքների գների չնվազելու վերաբերյալ հարցին:

«Մենք ներկայումս արձանագրում ենք, որ ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումները զսպվում են»,-ասաց Գալստյանը:

Նա դա մասամբ պայմանավորեց փոխարժեքով, մասամբ՝ նաև համաշխարհային շուկայում արձանագրված ցուցանիշներով:

FAO-ի ինդեքսի համաձայն՝ միջազգային շուկաներում, օրինակ, յուղերի գները, որոնք անցյալ տարվա փետրվարին հասել էին իրենց պիկին, ներկայում գտնվում են ավելի ցածր մակարդակի վրա: «Եվ բնականաբար մենք տեսնում ենք, որ այդ պիկային արժեքներից Հայաստանում ևս սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում»,-ասաց նա:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022-ին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.6 տոկոսով: